ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ վերակառուցում են, զբոսնենք ու վերհիշենք այն


Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ սկսվել են Օղակաձև զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16 000 քմ տարածք: Հետո՝ մնացածը, հերթականությամբ: Ես որոշեցի Ձեզ հետ միասին զբոսնել Օղակաձև այգում՝ վիզուալ վերհիշելով, թե ինչպիսինն է այն այսօր:

Ներկայումս անմխիթար վիճակում Օղակաձև այգին նոր տեսք կունենա: Մոտ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը: Այստեղ պլանավորվում է նաև ժամանակակից սքեյթ-պարկ կառուցել: Արևային պանելներ կօգտագործվեն, կբարեկարգվեն կանաչ գոտիները՝ դրանց ժամանակակից լանդշաֆտային դիզայն հաղորդելով, կիրականացվի տարածքի պարագծային LED լուսավորություն։

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 իմ շարքը որոշել էի չշարունակել, սակայն այս թեման կարծում եմ աչքաթող պետք չի անել, ու այսօր ես կրկին գիդի դերում Ձեզ հետ միասին շրջելու եմ Օղակաձև այգու տարածքում: Օղակաձև այգին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այն Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այգու երկարությունը 5 կմ է։ Հատուկ մետրոյով եմ եկել նկարահանման, որպեսզի 90-ականների շունչը ճիշտ փոխանցեմ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին Երևանի գլխավոր եկեղեցին է։ Կառուցվել է 1996–2001 թվականներին: Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը: Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը: 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել: 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք: 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը: 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը:

Այս հատվածում է Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, որը տեղադրվել է 2002 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։ Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։ Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

Երևանի գլխավոր հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Օղակաձև այգին նախագծել է քաղաքի օդը մաքրելու և հանգստի վայր դարձնելու նպատակով։ 60-ականներին այգուն հատկացված տարածքը զգալիորեն կրճատվեց, օղակը դարձավ կիսալուսին, իսկ 90-ականների վերջերից սկսած` հանգստի գոտին անկանոն կառուցապատվեց: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին կունենա ոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգ, կբարեկարգվեն ճեմուղիներն ու ծառուղիները, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Խոստովանենք, որ այժմ այն ավելի քան անմխիթար վիճակում է, այստեղ դեռ 90-ականներից գործող հնաոճ սրճարաններ ու կրպակներ են, կոտրված նստարաններ, կարդես դեռ 1995 թ.-ը լինի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը