Գյումրիում մշակութային կյանքը առավել հագեցած կդառնա, իսկ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում միշտ կհնչի դասական լավ երաժշտություն


Գյումրու համայնքի ավագանու օրակարգում ներառված էին նաև մշակութային հարցեր:

Ելնելով ««Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում» բացվող ցուցասրահում մշակութային կյանքը առավել հագեցած կազմակերպելու, ցուցահանդեսների բացումներին զուգահեռ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունից, ավագանին որոշեց ցուցասրահի համար համերգային ռոյալ ձեռք բերելու նպատակով հատկացնել 506 250 դրամ:

Հիշեցնենք, ցուցասրահը իր դռները բացեց սեպտեմբերի 5ին, Գյումրիի օրը։

«Ամեն ինչ արվել է շատ լավ, շատ իդեալական, կար սուբվենցիոն ծրագիր, նաև համայնքային ներդրում։ Արվել է ամեն ինչ, կարելի է ասել՝ այս պահին մեզ պետք էր մի երաժշտական գործիք՝ դաշնամուր, որպեսզի տեղադրվեր ու միշտ երաժշտություն հնչեր, ու մենք շատ լավ ընդունեինք մեր հյուրերին։ Պահը եկավ, որ աճուրդով վաճառվում էր շատ լավ, շատ նորմալ վիճակում գտնվող ռոյալ։ Մենք մասնակցել ենք աճուրդին, գինը 506 հազար դրամ է, ներկայացնում եմ ձեզ, որ կարողանանք այն որպես հիմնական միջոց ձեռք բերել և տեղադրել «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում, որպեսզի միշտ հնչի դասական լավ երաժշտություն մեր հյուրերի, ինչու չէ նաև մեզ համար»,- այս մասին հայտարարեց Գյումրու համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Ավագանին որոշեց Գյումրիի սրտում գտնվող Ջիվանի N 50 հասցեում գտնվող կառույցը 20 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ԿԱԼԳ երիտասարդական ՀԿ-ին՝ «Էմիլ-Գազազ» ցուցասրահ-թանգարան կազմակերպելու համար:

«ԿԱԼԳ երիտասարդական ՀԿ-ն հանդիսանում է աշխարհահռչակ Էմիլ-Գազազի ներկայացուցիչը, և նրանց տրամադրության տակ կան 50 ստեղծագործություններ, իրենք ցուցադրելու տեղ չունեն և դիմել են քաղաքապետարան, որպեսզի տրամադրվի համապատասխան տարածք՝ Էմիլ-Գազազի աշխատանքները ցուցադրելու համար:

Մեր կողմից առաջարկվում է տրամադրել Ջիվանի N 50 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը, որը նախկինում եղել է Տրդատ Ղարիբջանյանի տուն-թանգարանը: Որոշակի կոսմետիկ վերանորոգումներից հետո հնարավոր կլինի ցուցադրել Էմիլ-Գազազի ստեղծագործությունները»,- այս մասին հայտարարեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Գասպարյանն ընդգծեց, որ սա շատ կարևոր է մեր քաղաքի պատմամշակութային զարգացման համար:

Քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ժառանգները ցանկություն են հայտնել Գյումրի քաղաքին նվիրաբերել քանդակագործի ստեղծագործությունների մի մասը: Գյումրու համայնքի ավագանին որոշեց՝ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահը ստեղծելու համար հատկացնել Գյումրի քաղաքի Սաշա Համբարձումյան փողոց N 35 հասցեի համայնքապատկան նախկին գրադարանի շենքը:

Անահիտ Չալիկյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը